A1+

Էլեկտրական չորանոցը կյանք կտա Վազաշենին 

 

Երեք կողմից ադրբեջանական դիպուկահարների թիրախում գտնվող Տավուշի մարզի Վազաշեն գյուղը կանգնած է դատարկման եզրին: Ժամանակին սեփական ուժերով ադրբեջանական տանկերը դուրս շպրտած գյուղում պաշտոնական 47% արտագաղթ է արձանագրվել: Բացի վտանգավորության հանգամանքից, գյուղացիներն այստեղ տնտեսական լուրջ աջակցության կարիք ունեն:

Պատերազմի տարիներին ականներից ռմբակոծված գյուղի մանկապարտեզն անմխիթար վիճակում է: Սարսափելի վիճակում է նաև գյուղի դպրոցը: Չդադարող արտագաղթի պատճառով դատարկ դասարաններն այստեղ տարեցտարի ավելանում են: Արդեն տևական ժամանակ է, ինչ դպրոցի 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիները միասին են անցկացնում դասերը:

«Արվեստագետները` սահմանամերձ գյուղին» նախաձեռնության հեղինակներն այսօր Մեդիա կենտրոնում ներկայացրեցին Վազաշենի տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված սեփական ծրագիրը: Նախաձեռնությունը 15 արվեստագետների գաղափարն է, որոնց օժանդակությամբ ապրիլի 25-ից մայիսի 23-ը Հայարտօնլայն կերպարվեստի դպրոցում կանցկացվի «Արվեստը սահմանին» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես- վաճառք, որտեղ ներկայացած կլինեն իրենց ստեղծագործություններից:

Ասուլիսին ներկա Հայարտօնլայն կերպարվեստի դպրոցի տնօրեն Աննա Գրիգորյանի խոսքով՝ էլեկտրական չորանոցը կարող է Վազաշեն համայնքի տնտեսական վիճակը բարելավելու, միրգն ու բանջարեղենը սպառելու իրական հիմք ստեղծել: Տիկին Գրիգորյանը նշեց, որ իրենց առաջնային նպատակը հենց էլեկտրական չորանոց գնելն է, որի շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 3 միլիոն դրամ: Ցուցահանդես-վաճառքի հասույթի մեծ մասը տրամադրվելու է այս նպատակին:

Քննարկումներից բացի, ասուլիսի բանախոսները համայնքի խնդիրների մասին պատմող վավերագրական ֆիլմ ցուցադրեցին:


© 2017 ООО "АА Аукцион" 2017
Сайт разработан и создан developWay CJSC