engarmrus
Login /  Register Search     
Advanced Search
Idram Arca Webmoney Yandex Visa MasterCard Bank Transfer Cash

Slaq.am

«Art Monaco» նկարների միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը

Ապրիլի 24-27-ը Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում» սրահում կայացավ նկարների «Art Monaco» հեղինակավոր միջազգային ցուցահանդեսը, որին ավելի քան տասնյակ երկրների շարքում իր յուրահատուկ տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ցուցահանդեսն անցկացվել է բարձր մակարդակով, և այս կարևոր միջոցառմանը տարբեր երկրներից մասնակցել են բարձրաստիճան պետական, քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ, հանրաճանաչ արվետագետներ և այլք:

Միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը այս տարի ապահովել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Որպես միջոցառման հայկական կողմի աշխատանքների կազմակերպման պատասխանատու՝ Մոնակոյում էր գտնվում նաև Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը: «Երևանի բարձր արվեստ» պատկերասրահի հարուստ հավաքածուով Մոնակո էր այցելել նաև միջոցառման համակազմակերպիչ, պատկերասրահի հիմնադիր-սեփականատեր Սարգիս Գրիգորյանը:

Այս տարի «Art Monaco» ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ապրիլի 24-ին և համընկավ Հայոց ցեղասպանության տարելիցի հետ, այդ իսկ պատճառով հայկական տաղավարում հիմնականում ցուցադրվել էին հայազգի հանրահայտ նկարիչների՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարներ: Ցուցահանդեսում ներկայացվեցին գործեր Մ. Սարյանի, Հ. Այվազովսկու, Ժանսեմի, Արշիլ Գորկու, Լ. Թութունջյանի և այլ հայտնի նկարիչների հավաքածուներից: Այս միջոցառման շրջանակներում, բացի վերոնշյալ նկարիչների գործերից, Հայաստանի բազմաթիվ պատկերասրահներից և թանգարաններից Մոնակո էին տարվել հայազգի արվեստագետների աշխատանքները:

Հայկական տաղավարը մշտապես բազմամարդ էր: Հայազգի աշխարհահռչակ նկարիչների գլուխգործոցները դիտելու էին եկել ոչ միայն օտարերկրյա պատվիրակություններ և տեղի բարձրաստիճան հյուրեր, այլև հայ համայնքի ներկայացուցչական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Մոնակոյից և այլն: Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ ավելի քան 50 անվանի ֆրանսահայեր, որոնց թվում՝ Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի խորհրդի անգամ Կարո Հովսեփյանը, «Արարատ TV»-ի ղեկավար Ռիչարդ Ֆինդիկայնը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի Մարսել և Պրովանս մասնաճյուղի ղեկավար Ժակ Տոնապետյանը, «Մարսել-Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ֆրանկ Օհաննեսյանը, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի անդամներ Ժակ Ավդոյանը և Ռոլանդ Վարդանյանը, դիզայներ-ոճաբան Նաիրա Սարգսյանը և այլք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու միջոցառմանը և ծանոթանալ հայկական տաղավարում ներկայացված գործերին:

Միջոցառման շրջանակներում «Երևանի բարձր արվեստ» պատկերասրահի հիմնադիր Ս. Գրիգորյանը Դ. Պարակյանին է փոխանցել ցուցադրված նկարներից մեկը՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին փոխանցելու նպատակով:

Այս տարի «Art Monaco» նկարների միջազգային ցուցահանդեսում Հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը, իսկ «Art Monaco»-ի լոգոն զարդարել էր հայազգի գեղանկարիչ-քանդակագործ Լ. Թութունջյանի հեղինակավոր քանդակներից մեկի պատկերը:



© 2017 "AAAuction" LLC
Designed and developed by developWay CJSC